Մետաղորսիչով ստուգել են բոլոր 900 հյուրերին. Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Պարզվում է` Նիկոլ Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Հունիսի 10-ին Փաշինյանն ու ՔՊ քաղաքական ողջ վերնախավը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանի որդու հարսանիքին, գրում է «Հրապարակ» թերթը։
Թերթին տվյալներով` մինչ ռեստորան մտնելը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մետաղորսիչով հատ-հատ ստուգել են բոլոր 900 հյուրերին, որից հետո միայն ռեստորան է ժամանել Փաշինյանը։
«ՔՊ-ական գրեթե ողջ կարկառուն կազմը ներկա է գտնվել, հարսանիքը տեղի է ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Խմել են Հայաստանի Հանրապետության կենացը, որի ժամանակ ՔՊ-ականները մի մարդու պես, հերթով-շարքով մոտեցել եւ վարչապետի հետ բաժակ են «խփել»»,–գրում է թերթը։
Տեղեկացվում է, որ փեսացուի հայրը՝ Արշակ Օրդուխանյանը, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի ղեկավարն է, խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր ՔՊ-ի նախընտրական ցուցակում: Հարսնացուի հայրն էլ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանն է՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կադրն ու մտերիմը:
Թերթը եզրահանգում է, որ Նիկոլ Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում։