ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Հայերը վրացիներին կսովորեցնեն տոլմա փաթաթել, իսկ վրացիները հայերին` խինկալի պատրաստել։ Դիլիջանում հունիսի 17-18–ին կանցկացվի «Միմինո» հայ-վրացական առաջին մշակութային և խոհարարական փառատոնը։
Փառատոնի կազմակերպիչներից «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը երկու երկրների միջև նման փառատոն նախաձեռնելը համարում է «խոհարարական դիվանագիտություն»։ Այսինքն` մշակութային ժառանգության միջոցով հարևան երկրի հետ երկխոսության հարթակ է ստեղծվում։
«Աշխարհին հասկանալի լեզվով` խոհանոցի լեզվով պետք է ասենք, որ դարերով ապրել ենք միասին և մենք միասին էլ կարող ենք որպես զբոսաշրջային արդյունք ներկայանալ աշխարհին, հյուրասիրել և հյուրընկալել միասին»,–Sputnik Արմենիայի մուլտիմեդոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Մամուլյանը։
Սեդրակ Մամուլյան
© Sputnik / Asatur Yesayants
Մրցույթին մասնակցելու են հայկական և վրացական կողմից խոհարարներ, որոնց պատրաստած ուտելիքները կգնահատի ժյուրին. հայկական կողմինը` Վրաստանից ժամանած ժյուրին, վրացականը` հայկական ժյուրին։
Փառատոնի մրցույթային մասը տեղի է ունենալու ժամը հունիսի 17-ին, ժամը 13։00–ին, իսկ պաշտոնական բացումը կլինի ժամը 16–ին։ Նախատեսվում են երաժշտական միջոցառումներ Հայաստանից և Վրաստանից մշակութային գործիչների մասնակցությամբ, երգ–երաժշտություն, մրցույթներ։ Միջոցառումները կլինեն մինչև երեկոյան ժամը 23։00–ն։ Լինելու է նաև արագ տոլմա և խնիկալի պատրաստելու մինի մրցույթ հենց բեմի վրա։ Հայաստանի ներկայացուցիչները կփորձեն խինկալի պատրաստել, իսկ վրացիները՝ տոլմա փաթաթել։
«Միմինո» փառատոնը նվիրված է խորհրդային և վրացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի և հայ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հիշատակին։
«Մհեր Մկրտչյանն ասում էր` դուք տոլմա չեք սիրում, որովհետև լավ չի ստացվում պատրաստել, մենք մեր բարեկամներին կօգնենք լավ տոլմա պատրաստել։ Մենք պետք է աշխարհին ասենք, որ իրար հետ խնդիր չունենք, մեր բոլոր խնդիրները լուծվել են սեղանի շուրջ` թամադայի գլխավորությամբ»,–հավելեց Մամուլյանը։
Ալեքսանդր Լիսիչենկո
© Sputnik / Asatur Yesayants
Իսկ «Hotel Management Group»-ի գլխավոր մենեջեր Ալեքսանդր Լիսիչենկոն հայտնեց, որ Վրաստանից կժամանեն ավելի քան 30 տուրօպերատորներ, 6-10 ռեստորանատերեր։ Կժամանեն նաև գինեգործական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
««Միմինո» փառատոնն անցկացվելու է և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում ամեն տարի։ Ընտրվել Է Դիլիջան քաղաքը, որը բոլորի կողմից սիրված է «Միմինո» ֆիլմով։ Նախատեսվում է հաջորդ տարի նմանատիպ փառատոն անցկացնել Թելավիում»,–նշեց Լիսիչենկոն:
Էկոնոմիկայի նախարարության հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը փառատոնը համարում է նմանը չունեցող` ընդգծելով, որ այն շատ կարևոր է հարևան Վրաստանի հետ զբոսաշրջության ոլորտում կապեր հաստատելու և մշակույթների նմանություններն ու տարբերությունները բացահայտելու համար։
Աննա Մարգարյան
© Sputnik / Asatur Yesayants
Նա հայտնեց, որ փառատոնի երկրորդ օրը լինելու նաև գիտաժողով, որի շրջանակներում կքննարկվեն հայ–վրացական հարաբերությունները, զբոսաշրջության ոլորտում հեռանկարները։ Նա նաև հայտնեց, որ Վրաստանից կլինի մամուլի ներկայացուցիչ, որը կլուսաբանի փառատոնը և հասանելի այն կդարձնի նաև Վրաստանի համար։
Նշենք, որ փառատոնին լինելու են երեք անվանակարգեր` լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում։ Երկու կողմն էլ կարող է պատրաստել իր երկրի ցանկացած ուտեստ։
Նշենք, որ փառատոնի հատուկ հյուրն է Իսրայելի շեֆ-խոհարարների ասոցիացիայի անդամ, «Taste of Peace» ասոցիացիայի նախագահ Սարգիս Յաղուբյանը։
Կազմակերպիչների փառատոնի համար նախատեսել են 7-10 հազար այցելու։
Սարգիս Յաղուբյան
© Sputnik / Asatur Yesayants