ՀՀ–ում կաթնամթերք արտադրողներից մի քանիսին թույլատրվել է ՌԴ արտահանումներ անել

Կաթնամթերք
5 ընկերությունների արտադրանքը ՌԴ կներմուծվի ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն թույլատրվել է։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել կաթնամթերք արտադրող մի քանի ընկերություններում։ Արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։
«Ըստ այդմ` Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով տեսչական մարմնի ներկայացրած տեղեկություններն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո»,– նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցը հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը ուժի մեջ էր մտել ապրիլի 5-ից։