ՀՀ–ն շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը. Սուրեն Պապիկյան

Արթուր Պապիկյան
Ադրբեջանն ապատեղեկատվություն տարածելով հենք է ստեղծում ագրեսիվ գործողությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայկական կողմը շարունակելու է բանակցային սեղանի շուրջ առաջ մղել խաղաղության օրակարգը` նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա անդրադարձավ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հաճախակիացած ապատեղեկատվական հոսքերին։ Շեշտեց` Ադրբեջանը հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով` հենք է ստեղծում, որ կարողանա ներկայացնել իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները իբրև հայկական կողմից նախահարձակ քայլեր։
«Այս ամենի նպատակն է ի ցույց դնել, թե հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Նման բան չկա, հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը` իհարկե, պաշտպանելով նաև մեր երկրի սուվերեն տարածքը»,– հայտարարեց նախարարը։
Պապիկյանը շեշտեց` պաշտպանության նախարարությունը միշտ պատշաճ արձագանքում է բոլոր հաղորդագրություններին` ժամանակին հերքելով տարածվող ապատեղեկատվությունը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։