Էրդողանը գովել է Փաշինյանին ԼՂ հարցում դիրքորոշման և Անկարա կատարած այցի համար

Էրդողանը «նախազգուշացրել է» Հայաստանում Փաշինյանի դեմ բացասական տրամադրությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում «կարևոր քայլ» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Անկարա կատարած այցը, ինչպես նաև դրական է արտահայտվել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանն իր երկրում բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ է հաղթահարել։ Ինձ հնարավորություն ընձեռվեց կարճ շփում ունենալ նրա հետ արարողության ընթացքում։ Շնորհակալություն եմ հայտնել Թուրքիա ժամանելու համար», - ասել է Էրդողանը։
Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը «կարևոր» է անվանել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:
«Սակայն, ինչպես արդեն ասել եմ, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Մինչև այսօր Փաշինյանը հետքայլ չի արել», - ասել է Էրդողանը։
Նա ավելացրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը ծանրակշիռ ներդրում կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում: Նրա խոսքով՝ «տարածաշրջանում, որտեղ շատ վիշտ է եղել, խաղաղության դռները բաց են», ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը և պետք է պատասխանատու կերպով գործեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում նա հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի անկլավները։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։