ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Հունիսի 13–ին Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի դեպքով, որի ժամանակ վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, հարուցվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ Երասխ բնակավայրում գտնվող հայ-ամերիկյան մետալուրգիական նորակառույց գործարանի տարածքում գտնվող բետոնապատ հենասյան, վարչական շենքի, շինհրապարակում կայանված ՍՊԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներում հայտնաբերվել են արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված հետքեր։ Նույն գործարանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է նաև նույն գործարանի աշխատակցին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան՝ հետին ապակին վնասված վիճակում։
«Կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված գնդակին նմանվող առարկա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի (Հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու), 264-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (Դիտավորությամբ գույքը ոչնչացնելը կամ վնասելը), նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Որոշումներ են կայացվել դատաապրանքագիտական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։
Հավելենք, որ այսօր էլ ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է Երասխում նոր կառուցվող գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով այնտեղ շինարարության վրա աշխատող 2 հնդիկ վիրավորում են ստացել։