ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից այսօր կրակոցներ արձակելու և շինաշխատանքներին մասնակցող երկու օտարերկրացի, քաղաքացիական անձանց սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ այսօր`ժամը 11:30-ին, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել նշված գործարանում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներից Հնդկաստանի քաղաքացներ՝ 1983թ․ ծնված Մուհամադ Ասիֆը և 1998թ․ ծված Միրհասան Սահաջանը: Վերջիններս նույն օրն ընդունվել են Արարատի բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու հատկանիշներով) 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարույթային գործողություններ:
Որոշումներ են կայացվել նաև՝ դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին:
Այսօր` ավելի վաղը ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հունիսի 13–ին Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի դեպքով, որի ժամանակ վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, հարուցվել է քրեական վարույթ։