ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության իրական պատճառը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, այն աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմ դարձնելը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով առաքելության գործարկումը տեղի է ունեցել միակողմանիորեն, ոչ կոնսենսուսային հենքի վրա, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանի այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվության», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Ըստ նրա` Բաքվում և Երևանում ԵՄ առաքելության հաշվետու չլինելը սրում է այն կասկածները, որ Բրյուսելը տարածաշրջանում գաղտնի օրակարգ ունի, և դա հարցեր է առաջացնում ոչ միայն Մոսկվայում։
«ԵՄ–ական «փորձագետների» կասկածելի ակտիվությունից հայ–ադրբեջանական սահմանի շրջանում որևէ «ավելացված արժեք» չկա։ Առավել ևս, նրանք չեն կարող ապահովել անվտանգությունըև հրադադարի մասին ռուսական միջնորդության վճռորոշ դերով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Տարածաշրջանում շարունակում է խաղաղության իրական երաշխիք մնալ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունը», – հավելել է նա։
Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Բաքվին և Երևանին տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու գործում։
Հիշեցնենք` Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: