ԵՄ–ն հետևում է տեղի ունեցող դեպքերին. Կլաարը` սահմանային վերջին զարգացումների մասին

Բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված արդյունքներն օգտակար կլինեն ամբողջ տարածաշրջանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հրաձգությունը բոլոր հատվածներում պետք է դադարեցվի։ Կարևոր է պահպանել հետևողական հանդիպումների դրական դինամիկան և հասնել բանակցությունների սեղանի շուրջ արդյունքների»,– գրել է Կլաարը։
Նա շեշտել է, որ բանակցային արդյունքներն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ամբողջ տարածաշրջանին:
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: