ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղն այս կյանքում։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց` իրենց նախընտրական թեզն էր «օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա», ու իրենք շարունակելու են պահել այս գիծը։
Նա անդրադարձավ պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր Աղվան Վարդանյանի` «քաղաքական մահապարտների օգնությամբ հարցեր լուծելուն, այդ թվում` Արցախին վերաբերող»։
«Մենք առաջիկայում, կարծում եմ, և բանակցային գործընթացի, և՛ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ շատ մանրամասն խոսակցություն կունենանք, այդ թվում` քննիչ հանձնաժողովում, նաև մի շարք իրադարձությունների մասին»,– նշեց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ հենց իրենք (նախկին իշխանությունները) էին ընդունել այն սկզբունքները, որոնցով Լեռնային Ղարաբաղը ճանաչել էին Ադրբեջանի մաս։
«Դրսում ճանաչել են, ներսում եկել են, «մահապարտների ջոկատ են կազմել»։ Այդ մարդիկ նախարարական կաբինետներում նստած զբաղված են եղել բոլորովին այլ խնդիրներով լուծմամբ»,– նշեց Փաշինյանը։
Նրա կարծիքով` Աղվան Վարդանյանի հայտարարությանը պետք է արձագանքեն իրավապահ մարմինները` ՀՀ օրենսդրությանը համաձայն։