ԱՄՆ դեսպանատունը կրկին հորդորում է իր քաղաքացիներին չմեկնել ՀՀ սահմանամերձ վայրեր և ԼՂ

ԱՄՆ դեսպանատունը ՀՀ–ում
Հրապարակված հորդորը նախորդ նման հրապարակման ավելի թարմացված տարբերակն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ամառային զբոսաշրջային սեզոնին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին և դեսպանատան աշխատակիցներին կրկին հորդորում է ճանապարհորդության սահմանափակումների մասին` այն կապելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության հետ»։ Համապատասխան հայտարարությունը հրապարակված է դեսպանատան կայքէջում։
Հայաստանում ամառային զբոսաշրջային սեզոնի սկսվելուն պես Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է, որ ԱՄՆ քաղաքացիներին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է ցանկացած ոչ կարևոր ուղևորություն հետևյալ վայրեր․
Տավուշի մարզ Վարագավանից արևելք Հ37 ավտոճանապարհին:
Տավուշի մարզ Նավուրից արևելք Հ36 ավտոճանապարհին։
Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք։
Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:
Ուղևորվեք Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Գետիկի մոտով Հ42 և Հ43 ճանապարհներով:
Սյունիքի մարզ:
Լեռնային Ղարաբաղ այցելությունները նախկինի պես արգելված են։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների մոտ գտնվելիս և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մոտ ուղևորություններից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել ԼՂ-ում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է»,– ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հայտնել էր, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ:
Գնդակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և մեկ այլ օբյեկտ։ ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Բաքվի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ գնդակոծվել է Երասխում ամերիկյան միջոցներով կառուցվող մետալուրգիական գործարանը: Գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի հստակ և կտրուկ արձագանքել Բաքվի գործողություններին: