«100 գաղափար ԱՊՀ–ի համար». Հայաստանը 7 նախագիծ կներկայացնի Մինսկում

Փոխնախարարը վերահաստատել է մեր երկրի հանձնառությունը` 2026 թվականին Կապանում բարձր մակարդակով կազմակերպել միջոցառումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանը մասնակցել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հունիսի 13-14-ն անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Մեր երկիրը ներկայացրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ ութ երկրների պատվիրակներ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հետ աշխատանքի բազային կազմակերպության՝ Ռուսաստանյան տեխնոլոգիական համալսարանի և Միջազգային Դելփյան կոմիտեի ներկայացուցիչները։
Խոսվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թվականների ռազմավարության, իրականացրած և ընթացքում գտնվող ծրագրերի մասին։ Քննարկվել են հոկտեմբերի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ–ի համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանի Հանրապետությունը նախագծում կներկայացնի 7 գաղափար։

«Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է 2021-2030 ռազմավարության շրջանակներում Հայաստանում իրականացված ծրագրերը՝ կարևորելով «100 գաղափար» նախագիծը, կամավորության զարգացմանն ուղղված քայլերը, ԱՊՀ անդամ պետություններում ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին ՀՀ երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև վերահաստատել է 2026 թվականին Կապանում՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նիստի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։ Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Մարատ Տագաևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայաստանյան փորձի ներկայացման մասին։
Ռուսաստանը շահագրգռված է ԱՊՀ տարածքում փոխգործակցության ամրապնդմամբ. Միշուստին