Վերապահովագրական ընկերությունները հրաժարվել են ապահովագրել ՀՀ-ից ՌԴ արտահանումը. Քերոբյան

Վահան Քերոբյանը. Արխիվային լուսանկար
ԱԺ-ում քննարկվում է Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման համաձայնագրի վավերացման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի–Sputnik. 2022 թվականի փետրվարի 24-ից հետո մի շարք միջազգային վերապահովագրական ընկերություններ հրաժարվեցին շարունակել Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների վերապահովագրումը։ ԱԺ նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Խորհրդարանում քննարկվում է Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման համաձայնագրի վավերացման հարցը։
«Դրանով ստեղծվեցին էական դժվարություններ Հայաստանի արտահանողների համար։ Արդյունքում մեր` Արտահանման ապահովագրական ՓԲԸ-ն դժվարություններ ունեցավ։ Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը թույլ է տալու, որ մենք ունենանք լրացուցիչ գործիք, որը կօգնի վերաապահովագրել նաև մեր Արտահանման ապահովագրական ՓԲԸ-ի ստանձնած ռիսկերը»,– վստահեցրեց նախարարը։
Ըստ նրա` սա առաջին նմանատիպ ընկերությունն է, որի գլխամասը գտնվելու է Երևանում։
«Սա մեզ համար շատ կարևոր ձեռքբերում է. մենք կարողացանք մեր աշխատանքի արդյունքում լոբբիգ անել, որպեսզի ընկերությունը գլխամաս ունենա Երևանում։ Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը»,- ասաց Քերոբյանը։
Հայաստանը Եվրասիական վերապահովագրական ընկերությունում մասնակցում է 3 տոկոսի չափով, ներդրվելու է 450 մլն ռուբլի։ Այս ներդրումը արվելու է նաև Հայաստանի ապահովագրական ՓԲԸ-ի միջոցով։ Արտահանման ապահովագրական ՓԲԸ կապիտալը մոտավորապես 2․5 մլրդ դրամ է։