«Թվերը գոհացուցիչ են, բայց...». ինչից են բողոքում ՀՀ–ում ներգնա տուրիզմով զբաղվողները

Գառնի
Պետք է հասկանալ ինքնակազմակերպված և ինքն իրեն սպասարկող զբոսաշրջի՞կն է կարևոր երկրի համար, թե՞ պետք է կենտրոնանալ կազմակերպված տուրիզմի վրա։ Ոլորտի ներկայացուցիչները ներկայացնում են խնդիրները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թվերը գոհացուցիչ են, սակայն այդ թվերը հարց է` որքանով են օգուտ տալիս Հայաստանին և հայկական զբոսաշրջությանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով` Հայաստանը կազմակերպված զբոսաշրջության խնդիր ունի։ Էկոնոմիկայի նախարարության հայտարարած 806 հազար զբոսաշրջիկների չնչին տոկոսն է կազմում կազմակերպված զբոսաշրջությունը, այդ թվերը անհատական այցելություններն են։
«Առավել պատասխանատու, առավել վերահսկելի զբոսաշրջությունը դա կազմակերպված զբոսաշրջությունն է, որի միջոցով մենք պետք է կարողանանք նպաստել մի շարք խնդիրների լուծմանը՝ և՛ սոցիալական, և՛ մշակութային։ Այսօրվա տվյալներով հարց է` որքանո՞վ նպաստեցին այս այցերը, որքանո՞վ ենք մենք պատշաճ ներկայացնում մեր երկիրը, մեր ժառանգությունը, որքանո՞վ է դա նպաստում մեր բարի համբավին, միջազգային հեղինակության պահպանմանը, ովքե՞ր են ներկայացնում մեր երկիրը այս աճող թվերի մեջ»,–ասում է Ապրեսյանը։
Ֆեդերացիայի նախագահը ընդգծեց, որ այցելությունների 50 տոկոսից ավելին Ռուսաստանից են։
Սակայն, ինչպես նկատում է «Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արկադի Սահակյանը, ՌԴ–ից եկած զբոսաշրջիկները ինքնակազմակերպված զբոսաշրջիկներ են և իրենք են իրենց ճամփորդությունները որոշում։
«Հայաստանում հիմա բավականին մեծ տոկոս են կազմում սոցցացներում ապրող երիտասարդությունը, որոնք իրենց պահում են որպես հայկական զբոսաշրջային ընկերություններ։ Նրանք այստեղ գտնվել են մի քանի ամիս, ծանոթացել են տեղական տուրիստական ապրանքին և իրենք են կազմակերպում տուրեր իրենց երկրից ժամանածների համար։ Մի մասն էլ վարձակալած կամ գնած ավտոմեքենաներով են շրջագայություն կազմակերպում»,–ասաց Սահակյանը։
Ջերմուկում Վահան Քերոբյանը քննարկել է զբոսաշրջության ոլորտը զարգացնելուն առնչվող հարցեր
Տուրիստական ընկերության տնօրենը նշում է, որ ՀՀ–ի տուրիստական ռեսուրսը և տուրիստական շուկան ճիշտ գնահատելու համար պետք է կարողանալ հստակ դասակարգել` ո՞ր երկրից ինչ զբոսաշրջիկներ են այցելում, քանի որ, օրինակ, ՌԴ–ից այցելածներից շատերը ՀՀ–ն օգտագործել են որպես տրանզիտ օդանավակայան, կամ վրացական անձնագրով սահմանը որպես զբոսաշրջիկ հատում են հայեր, որոնք իրականում զբոսաշրջիկ չեն։
Սահակյանը կանխատեսում է, որ հուլիսին ՌԴ–ից դեպի Հայաստան հոսքը նվազելու է, քանի որ վերականգնվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային կապը։
«Մենք պետք է հասկանանք ինքնակազմակերպված և ինքն իրեն սպասարկող զբոսաշրջի՞կն է կարևոր երկրի համար, երկրի իմիջի, երկրի տնտեսության և տուրիստական զարգացման համար, թե՞ պետք է ավելի շատ կենտրոնանալ կազմակերպված տուրիզմի վրա»,–ասաց նա։
«Ամիստադ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արմինե Ադամյանը գործընկերներ խոսքին ի լրումն նշեց, որ այստեղ շատ կարևոր է, որ պետությունն իր հերթին աշխատանք կատարի, ինչպես նաև պետություն–մասնավոր համագործակցությամբ Հայաստանը փորձեն գրավիչ դարձնել արտասահմանցի տուրիստների համար։
«Օտարերկրացիների մոտ թյուր կարծիք կա անվտանգության հետ կապված։ Պետք է օգտագործել դեսպանատները, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, պետք է հաղորդումներ պատրաստեն, Հայաստանի անունը հնչի»,–նշեց նա։
Ադամյանի խոսքով` այդ քայլով պետությունը կօգնի ներգնա տուրեր իրականացնող կազմակերպություններին՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը, իսկ մնացածը` պրոֆեսիոնալ գիդ, բարձրակարգ փոխադրամիջոց և այլ հարցեր կազմակերպություններն իրենք լուծում են