Սինգապուրում երեխաների համար ուսումնական բանկոմատներ են ստեղծել

Սինգապուր
Բացի փոքրացված բանկոմատներից, կստեղծվեն տարածքներ, որտեղ երեխաները կկարողանան գործնական առաջադրանքներ կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Սինգապուրի դպրոցներում և գրադարաններում ուսումնական բանկոմատներ են տեղադրվել, որոնց միջոցով երեխաները կարող են ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմունքներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով սինգապուրյան CNA հարթակին։
Նախադպրոցական տարիքի և տարրական դպրոցներում սովորող երեխաները բանկոմատի էկրանին կկարողանան իրավիճակային խնդիրներ լուծել և խաղային ձևաչափով անձնական ֆինանսների կառավարման փորձ ձեռք բերել: Նախագծի հեղինակները պատրաստվում են մինչև 2023 թվականի ավարտը շուրջ 400 հազար երեխաների, ծնողների և ուսուցիչների ներգրավել։
«Սա օֆլայն և օնլայն պրակտիկայի պես մի բան է, որը մենք ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար, որպեսզի շոշափելի արդյունք լինի»,- ասել է DBS Bank-ի սպառողական բանկային ծառայությունների բաժնի ղեկավար Լիմ Բի Բին։
Նա պարզաբանել է, որ բացի փոքրացված բանկոմատներից, կստեղծվեն տարածքներ, որտեղ երեխաները կկարողանան գործնական գիտելիքներ ստանալ և ոչ թե էկրանից դիտել ֆինանսական առաջադրանքները։ Դրա համար նրանց տալու են աշխատանքային թերթիկներ և բրոշյուրներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան ևս մեկ անգամ ուսումնասիրել տարբեր թեմաներ (օրինակ` բարդ տոկոսները) կամ ստանալ խորհուրդներ, թե ինչպես է պետք տարբերակել կարիքներն ու ցանկությունները:
Մենք իրենցից սովորելու շատ բան ունենք. Քերոբյանը՝ Սինգապուրի հետ համագործակցության մասին