«Նաիրիտ» գործարանի մոտ հրդեհ է բռնկվել պոլիէթիլենի արտադրամասում. այրվել է հումք

Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է պոլիէթիլենի հումք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է հունիսի 13-ին, ժամը 08։54-ին։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 69 հասցեում գտնվող պոլիէթիլենի արտադրամասում»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 10:01-ին: Ընդհանուր 200 քմ տարածքում այրվել է պոլիէթիլենի հումք, 10 հաստոց, կախովի առաստաղը և տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը: