Մինասյանը ՄԻԵԴ նախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումները

Մինասյանը կարևորել է ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անհրաժեշտ տեղաշարժը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանը կարևորում է ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անհրաժեշտ տեղաշարժը: ՀՀ արդարադատության նախարարը Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ'Լիրիի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Մինասյանը հատուկ ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատների շրջանակներում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, որոնք վերաբերում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության, ինչպես նաև գերեվարված և պահվող անձանց նկատմամբ թույլ տրված կոնվենցիոն խախտումներին»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ՄԻԵԴ վճիռների կատարումը վերահսկելու առկա մեխանիզմները:
Լաչինi միջանցքի վերաբերյալ որոշում

Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։

Նախարարն անդրադարձել է նաև դատաիրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու և կատարողական վարույթների վերաբերյալ դատարանի որոշումներին:
Նա ներկայացրել է նախարարության կողմից մշակվող նոր «Կատարողական վարույթի մասին» օրենքը, որով ՄԻԵԴ կողմից վերհանված գրեթե բոլոր խնդիրներն իրենց լուծումն են գտել:
ՄԻԵԴ նախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ՄԻԵԴ վճիռների լույսի ներքո ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակով:
Ինչպես հայտնում է նախարարությունը, Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ և քննարկել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները։
Գրիգոր Մինասյանն ու Մարիա Պեյչինովիչ Բուրիչը
Նա կարևորվել է ՀՀ-ԵԽ նոր 2023-2026թթ. գործողությունների ծրագրով համատեղ շարունակական աշխատանքների իրականացումը։
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ):
Աշխատանքային այցի նպատակն է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկել ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգը: