ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռուսաստանը մտածում է հացահատիկի գործարքից դուրս գալու մասին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Ռուսաստանը «Սևծովյան նախաձեռնությանը» սկսել է մասնակցել ոչ թե Ուկրաինայի, այլ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բարեկամ երկրների համար:
«Հասկանում եք` մենք դա Ուկրաինայի համար չենք անում։ Մենք դա անում ենք Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մեր բարեկամ երկրների համար։ Քանի որ հացահատիկը պետք է գնա նախևառաջ աշխարհի ամենաաղքատ երկրներ»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ավելացրել է` սակայն գործարքի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվել։
«Բայց մեզ հերթական անգամ խաբեցին, և մենք մտածում ենք այսպես կոչված հացահատիկի գործարքից դուրս գալու մասին։ Բացի այդ, այդ հացահատիկային միջանցքները հակառակորդի կողմից օգտագործվում են զենք մատակարարելու և ծովային անօդաչու թռչող սարքեր արձակելու համար»,- նշել է նա։
Պուտինը հավելել է, որ ուկրաինական հացահատիկի միայն 3,5 տոկոսն է գնացել աշխարհի ամենաաղքատ երկրներ, իսկ ավելի քան 40 տոկոսը գնում է ԵՄ բարեկեցիկ երկրներ:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցի Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022–ի սեպտեմբերին նշել էր, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան - ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերականգնում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում, փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
Մայիսի 18-ին հայտնի դարձավ, որ գործարքը մինչև հուլիսի 17-ը ներառյալ երկարաձգվել է՝ առանց որևէ փոփոխության։