Կառավարությունը ցանկանում է չեղարկել մրգային օղու արտոնությունները կեղծումների պատճառով

Օղու բաժին խանութում. Արխիվային լուսանկար
Սովորական օղուն սկսել են ավելացնել հոտավետ հավելումներ՝ այն ներկայացնելով որպես թթի կամ ծիրանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի–Sputnik. Մրգային օղու արտոնյալ ակցիզը նպատակահարմար է չեղարկել, քանի որ այն կեղծելու բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով ակցիզային հարկի փոփոխությունների նախագիծը։
Ըստ Պողոսյանի` մրգային օղու արտոնյալ ակցիզը սահմանվել է մի քանի տարի առաջ՝ աջակցելու Հայաստանում դրա արտադրության ավանդույթներին։ Այս կարգավորումը մի շարք զեղծարարությունների Է հանգեցրել։ Քանի որ ակցիզային հարկն այս ոլորտում չորս անգամ ավելի քիչ է, քան սովորական` ցորենի օղու համար, մի շարք անբարեխիղճ արտադրողներ սկսել են զեղծարարությունների դիմել՝ սովորական օղու մեջ խառնելով մրգային կամ հատապտղային հոտավետ հավելումներ։
Կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ երեք տարվա ընթացքում մրգային օղու արտադրության ծավալներն աճել են 4 անգամ, մինչդեռ օղու մյուս տեսակներինը նվազել են գրեթե 8 անգամ:
Այդ պատճառով ՀՀ կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկում է 2024 թվականից օղու ակցիզը հավասարեցնել մեկ լիտրի համար 3 800 դրամի և մինչև 2026 թվականը այն հասցնել 4 600 դրամի։