«Հույս ունենք` հայկական կողմի մեսիջը դրական հուն կմղի բանակցային գործընթացը»․ Բորել

Ժոզեպ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման հայտարարություն է արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, և ԵՄ-ն հույս ունի, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ մեսիջը և ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին ու անվտանգային հարցերին։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Բորելն ընդգծել է, որ Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման հայտարարություն է արել։

«Հույս ունենք, որ հայկական կողմի մեսիջը խթան կհանդիսանա՝ դրական հուն մղելով բանակցային գործընթացը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև բարձր է գնահատել ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում, ինչը, Բորելի խոսքով, կարևոր գործոն է հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման գործում։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։