ՀՀ–ի ու Լիտվայի ոստիկանությունները կամրապնդեն համագործակցությունը. փաստաթուղթ է ստորագրվել

Վահե Ղազարյանն ու Ռենատաս Պոժելան
Ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ՆԳՆ առընթեր ոստիկանության դեպարտամենտի համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպում է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի հետ։
Հանդիպման նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ոստիկանության համագործակցությունը մի շարք ուղղություններով ամրապնդելն ու զարգացնելը:
«Սորոսականները» գրոհ են սկսել Վահե Ղազարյանի դեմ․ «Փաստ»
Ղազարյանը լիտվացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների ընթացքը և արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության և Լիտվայի ոստիկանության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձել են նաև կիբեռհանցավորության աճի միտումներին, հանցավորության այդ տեսակի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի նոր ձևերին ու մեթոդներին։
Կողմերը մտահոգություն են հայտնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճի վերաբերյալ։
Ղազարյանը նշել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մեծ աշխատանք է կատարում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում, իսկ 2023 թվականը հայտարարված է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի։
Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր ոստիկանության դեպարտամենտի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին» 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր, որի շրջանակում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը:
Պարեկային ծառայությունը ոստիկանական համակարգում հեղափոխություն է արել. Ղազարյան