ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի–Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով ՝ 10.75%-ից հասցնելով 10.5%-ի: Այս մասին որոշում է ընդունվել ԿԲ խորհրդի նիստում։
Ուկրաինայում հակամարտության սկսվելուն և պարենի ու էներգակիրների համաշխարհային գների աճին զուգահեռ Հայաստանում ուժեղացել են գնաճի ռիսկերը։ Դրա նախադրյալներն ավելացան Հայաստանում ռուսների և օտարերկրյա այլ քաղաքացիների ներհոսքից հետո, որից հետո ավելացավ ապրանքների և ծառայությունների պահանջարկը, ինչը ևս ազդեց գների վրա։
Որպես հետևանք` Հայաստանում գնաճը, որը փետրվարին կազմել էր 6,5 տոկոս, սեպտեմբերին հասել է 9,9 տոկոսի։
Բացի այդ, ԿԲ–ն լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 12.0%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.0%:
Նշենք, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե պարբերաբար բարձրացրել է 2020թ–ի 44–օրյա պատերազմից սկսած։ Սա վերջին 2-3 տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի առաջին էական նվազումն էր։
Հավելենք` Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ` 2023 թվականի վերջին սպասվում է մոտ 2,5% գնաճ։ Տարվա մնացած ժամանակահատվածում գների աճը կարող է փոքր-ինչ ցածր լինել Կենտրոնական բանկի նպատակային նշաձողից:
Գների աճը զսպող հիմնական գործոններն են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումն ու հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ 2024-ի վերջին Հայաստանում կանխատեսվում է 3.3% գնաճ։
Հաշվի առնելով գնաճի կայուն դանդաղումը և սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը` ԵԱԶԲ-ում չէին բացառել, որ Հայաստանի ԿԲ-ի հունիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի կունենա:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ընթացիկ տարվա վերջ կարող է իջնել մինչև 9%: