«Համաձայնությունները մտնում են փակուղի և չեն կատարվում». Բորելը` Լաչինի միջանցքի մասին

Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելի խոսքով` ՄԱԿ-ի միջոցով տարբեր տեսակի ջանքեր են գործադրվել, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն ոչ բոլոր համաձայնագրերն են պահպանվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է, այդ պատճառով էլ վերջին երկու տարիներին ԵՄ-ն տարաբնույթ նախաձեռնություններ է իրականացրել տեղի բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։ Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:
«Այդ նպատակով արդեն հատկացվել է 70 միլիոն եվրո»,– ասել է նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ մարդասիրական աջակցությունն ուղղված է եղել առողջապահական խնդիրների լուծմանը, այդ թվում՝ բժշկական սարքավորումներ հայթայթելուն և հակամարտությունից տուժած անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելուն։ Բորելն ընդգծել է, որ այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան։
Նրա խոսքով` ՄԱԿ-ի միջոցով տարբեր տեսակի ջանքեր են գործադրվել, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն ոչ բոլոր համաձայնագրերն են պահպանվում:
Հարցուպատասխանի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության մաս է կազմում Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղ մարդկանց և ապրանքների անարգել ելումուտը, սակայն գործնականում այդ համաձայնագիրը չի հարգվում:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ապահովվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների պահպանումը, Բորելն ասել է, որ, ցավոք, երբեմն համաձայնագրերը հայտնվում են փակուղու առաջ և չեն իրագործվում, ինչի հրաշալի օրինակ է այն, ինչ տեղի է ունենում անցակետում:
Բորելը շեշտել է, որ ՄԱԿ-ի միջոցով փորձ է արվել ճնշում գործադրել, որպեսզի շրջափակմանը վերջ դրվի և ապահովվի մարդկանց ու ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ, այդուհանդերձ, հարկավոր է լավատես լինել, որովհետև քայլ առ քայլ, համաձայնագրերի մասնակի իրագործման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել այն բանից, որ տարածաշրջանում նորից բռնկվի պատերազմ, զինված հակամարտություն:
Նա հույս է հայտնել, որ գործադրվող դիվանագիտական ջանքերը թույլ կտան պահպանել տարածաշրջանում հարաբերական անդորրը, մինչ բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։