Հայաստանի հավաքականի պաշտպանը համալրել է «Ռեալ Սոսյեդադի» կարճ ցանկը. գործակալ

Նաիր Տիկնիզյանը հավաքականի խաղին. Արխիվային լուսանկար
Նախորդ խաղաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում աչքի էր ընկել 5 գոլով և 5 գոլային փոխանցումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է «Ռեալ Սոսյեդադ» իսպանական ֆուտբոլային ակումբի կարճ ցանկում։ Այս մասին հայտնում է «Սպորտ–Էքսպրեսը»` հղում անելով հայ ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևին։
«Դեռ «Ռեալ Սոսյեդադ» ակումբից մեզ հետ ոչ ոք չի կապնվել։ Հայտնի է, որ Նաիրը նրանց կարճ ցանկում է», – «Սպորտ–Էքսպրեսին» ասել է Կլյուևը։
Նախորդ խաղաշրջանում 24-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում 37 խաղ է անցկացրել, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ մարտի սկզբին Տիկնիզյանը կանչվել էր Հայաստանի ազգային թիմի հավաքին։ «Լոկոմոտիվի» պաշտպանը հայկական անձնագիր է ստացել։
Տիկնիզյանը ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին։ Նա հանդես էր գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ 7 խաղ է անցկացրել։