ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված երկկողմ հանդիպման հետաձգման պատճառ կարող է լինել Թուրքիայի նախագահի այցը Բաքու։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիրպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով:
«Իմ ենթադրությունն այն է, որ իրենք հյուր ունեին այս օրերին, մասնավորապես` Թուրքիայի նախագահն է պատրաստվում եթե ոչ արդեն, ապա այսօր կամ վաղն այցելել Բաքու, և իրենց ԱԳ նախարարը չէր կարող բացակայել երկրից։ Իմ տրամաբանական հետևությունը դա է»,– նշեց Եղոյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հետաձգման պատճառ կարող էր լինել այն, որ «համաձայնեցնելու հարցեր կային», Եղոյանը նշեց` 21-րդ դարում ենք ապրում, կարելի է հարցերը նաև հեռախոսով համաձայնեցնել։
Հանդիպման նոր ժամկետի մասին պատգամավորը տեղեկություն դեռ չունի։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կմեկնի Ադրբեջան: ԶԼՄ-ների տվյալներով՝ այցի ընթացքում Էդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես կգան «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ» հայտարարություններով: Նշենք, որ սա Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: