ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին․ Բորել

Ժոզեպ Բորել
Բորելի խոսքով` եվրոպական առաքելության առավել արդյունավետ գործունեության համար պետք է լինի լրացուցիչ իրավակազմակերպչական հարցերի համարժեք լուծում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին առնչվող քննարկման ժամանակ։
Նա շեշտել է, որ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով։
«Եվրոպական առաքելության առավել արդյունավետ գործունեության համար պետք է լինի լրացուցիչ իրավակազմակերպչական հարցերի համարժեք լուծում։ Միջազգային հանրությունն ու ԵՄ-ն հորդորել են Ադրբեջանին հնարավորություն ընձեռել, որպեսզի դիտորդները կարողանան մուտք գործել Լաչինի միջանցք ու լինել այնտեղ տեղակայված անցակետում»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով` Հայաստանի պետական սահմանի երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի ջանքերի կարևոր մասն է կազմում։
Բորելն ընդգծել է, որ դիտորդական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հանձնառությամբ օժտված մասնագետներից, որոնք զինված չեն։ Թվով 100 դիտորդներ ունեն երկու տարվա առաքելություն իրականացնելու մանդատ և պետք է նպաստեն իրավիճակի կայունացմանը սահմանների երկայնքով։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում