ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի–Sputnik. ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին հետ քննարկել է հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները: Տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարար Խաչատրյանը հանդիպմանն անդրադարձել է իրանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին և այդ առումով առանձնացրել է մարտի 10-12-ին Երևանում անցկացված «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսին իրանական ընկերությունների մասնակցությունը:
«ԲՏԱ նախարարն ընդգծել է, որ շատ տպավորված էր իրանական ընկերությունների՝ հայկական շուկայի համար առաջարկված լուծումներով և հայկական ընկերությունների հետ համագործակցության պատրաստակամությամբ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունների միջև փոխգործակցության զարգացման հնարավորությունները բազմաթիվ են, իսկ նախարարության դերն այս գործընթացում ճիշտ հասցեատերերին միմյանց կապելն է:
Իսկ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ համագործակցությունը զարգացնելու համար երկու երկրներն առաջին հերթին պետք է բարձրացնեն միմյանց ներուժի և հնարավորությունների մասին ճանաչողության մակարդակը:
Դեսպանն առանձնակի շեշտել է Հայաստանի և Իրանի պատմական խորը կապերը և նկատել, որ լուրջ նախադրյալներ կան տարբեր բնագավառներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման համար: