ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքներից։ Ավինյանն իր վրդովմունքը հայտնեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, զեկուցելով Երևան քաղաքի վարչական շրջանների փողոցների ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգման աշխատանքների մասին, ներկայացրեց, որ կապալառու ընկերություններից մեկի հետ պայմանագրի խզման են գնացել և հրատապ կկազմակերպեն նոր մրցույթ։
Ավինյանը նշեց, որ արդեն որերորդ շաբաթն է` լսում է առկա խնդիրների մասին, որոնք լուծում չեն ստանում
«Ինչքա՞ն ասեմ փոսեր, մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։ Երեք շաբաթ է` հայերեն լեզվով ասում եմ ` փոսեր, փոսեր... Աջափնակում մետրո պետք է կառուցենք, մի ամիս է`փոս չենք կարողանում լցնել։ Մենք մեր ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարողանում կատարել։ Դեռ նախորդ նիստից հետո բոլորիդ ասել եմ, որ փոսերի անուն չլսեմ։ Վերջին շաբաթն է, ուզում եք` անձամբ գնացեք, ասֆալտ լցրեք։ Հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց՝ ինձնից չնեղանաք։
Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հիշեցրեց, որ երկրորդային փոսալցման աշխատանքներն իրենք պետք է իրականացնեն։
«Ի՞նչ չունեք, ֆինա՞նս չունեք, ո՞րն է խնդիրը»,–ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 8–ին Ավինյանը հայտարարել էր, որ Երևանի փողոցների փոսալցման աշխատանքներ այսուհետ կկատարեն միայն այն ընկերությունները, որոնք կունենան տեխնիկական համապատասխան միջոցներ, այդ թվում` ասֆալտի գործարան։ Նա հարց էր բարձրացրել, թե տեխնիկական առաջադրանքում ինչու չի եղել կետ, որ տենդերին մասնակցող կապալառուներն ունենան տեխնիկական համապատասխան միջոցներ, այդ թվում` ասֆալտի գործարան, որպեսզի փորած փոսը 10-15 օր դրանք բաց չմնա։
Նա ընդգծել էր, որ փոսերը պետք է տեղում քանդվեն և փոսալցվեն նույն օրը, իսկ այն ընկերությունները, որոնք չունեն այդ հնարավորությունները, ավտոմատ չեն մասնակցի տենդերներին։