ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Թուրքիայի առաջին TOMTAŞ ավիացիոն գործարանը, որը արտադրում է ինքնաթիռների և ուղղաթիռների մասեր, կվերսկսի աշխատանքը Կայսերի նահանգում: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Նշվում է, որ գործարանի վերագործարկման համար 205 մլն լիրա (8 683 359,25 դոլար) ներդրում է կատարվել:
Գործարանը կառուցվել է Մելիքգազի շրջանում և հերթական ներդրումը կլինի Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության զարգացման գործում:
Մասնավորապես, գործարանում նախատեսվում է ինքնաթիռների ֆյուզելյաժների, թևերի, դռների, կառավարման վահանակի և այլ դետալների, ինչպես նաև ուղղաթիռային պտուտակների և շարժիչների դետալների արտադրություն:
«Ընդհանուր առմամբ, գործարանի վերագործարկման համար կատարվել է մոտ 205 մլն լիրա ներդրում։ Ձեռնարկությունը կկարողանա տարեկան մոտ 420 կգ արտադրանք տալ։ Ընդհանուր առմամբ, ձեռք կբերվի 10 մլն 207 հազար 500 դոլարի սարքավորումներ»,–նշում է կայքը։
Նախագիծը գնահատվում է որպես տարածաշրջանային նշանակության ներդրում։ Այդ կապակցությամբ կառավարության կողմից տրամադրվելու են մի շարք արտոնություններ, այդ թվում ՝ մաքսատուրքերից ազատում, վարկերի ցածր տոկոսներ, ԱԱՀ-ից ազատում, հարկերի 80 տոկոսով նվազեցում և այլն: