ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ, ՌԴ արդյունաբերության և առևտտրի նախարար Դենիս Մանտուրովը Խերսոնի մարզում էր և գտնվում էր այն վայրում, որտեղ նրա մեկնելուց մի քանի րոպե անց ուկրաինական զորքը հարված հասցրեց։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչությունից։
«Նախօրեին փոխվարչապետը մեկնել էր Խերսոնի մարզ, որտեղ ղեկավարության հետ քննարկում էր ջրի տակ անցած տարածքների բնակիչներին օգնելու և նրանց առաջին անհրաժեշտության ապրանքներով, այդ թվում դեղորայքով և պարենով ապահովելու հարցերը», – գործակալությանն ասել են նախարարությունից։
Հարցին, թե արդյոք նախարարը եղել է հենց այն վայրում, որտեղ Ուկրաինայի ԶՈւ–ն հետագայում հարվածել է բրիտանական Storm Shadow հրթիռներով, գերատեսչության ներկայացուցիչը դրական պատասխան է տվել։
Այդպիսով, նա հաստատել է ավելի վաղ Telegram ալիքներում հայտնված տեղեկությունը։
Հիշեցնենք` ուկրաինական զորքերը հունիսի 6-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ինչի հետևանքով ավերվել է կայանի վերին հատվածը (ջրամբարի բուն ամբարտակը չի տուժել): Ջրի չկարգավորվող արտահոսք է ընթանում։ Սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը երեք՝ Նովայա Կախովկա, Գոլոպրիստանսկի և Ալյոշկինսկի շրջաններից։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրի հիդրոէլեկտրակայանների կասկադի վեցերորդ (ստորին և վերջին) աստիճանն է, գտնվում է Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ից հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի կազմի մեջ է։