ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պետական մրցանակի դափնեկիրների հետ շփման ժամանակ ասել է (նրանց պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում), որ պարբերաբար դիմում է բժիշկներին, բայց ոչ թե բուժման, այլ առողջության ստուգման նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
Այն հարցին, թե ինչ հաճախականությամբ է նա շփվում բժիշկների հետ, նախագահը պատասխանել է՝ կախված է իրեն ուղղված առողջության մաղթանքներից։
«Պարբերաբար բուժզննում եմ անցնում։ Ամեն դեպքում բոլորը պետք է դա անեն», - ասել էնախագահը Կրեմլի հյուրերի հետ զրույցում։
Պետական մրցանակի դափնեկիրներից մեկը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Սուխիխը, նախագահին մաղթել է նույն ոգով շարունակել իր մարզումները։
«Մենք գիտենք, որ Դուք օրական մեկ ժամից մեկուկես ժամ պարապում եք: Ես հիմա չեմ խոսի մոլեկուլային կենսաբանության մասին, բայց դա օրգանիզմի ներսում այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որ այն մաքրվում է ավելորդ բջիջներից: Դա լավագույն կանխարգելումն է», - ասել է Սուխիխը։
«Կմաքրվենք ավելորդ բջիջներից», - պատասխան կենաց է ասել նախագահը։
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ունի այնպիսի առողջություն, որ յուրաքանչյուրը կցանկանար ունենալ: