ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Անհրաժեշտ է այսուհետ ևս ապահովել Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական փոխգործակցության պատշաճ մակարդակը, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ։
Երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են տնտեսական, հումանիտար, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում: Երկու պետությունների միջև կառուցողական փոխգործակցություն է հաստատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Սակայն նա նշել է, որ այդուհանդերձ, համագործակցության հետագա խորացման մեծ ներուժ կա։
«Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների՝ հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները հուսալի հիմք են հանդիսանում մեր պետությունների միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար», - ասել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ ժամանակակից Ռուսաստանի համար այս օրը խորհրդանշում է ազգային պետականությունն իր բազմադարյա պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով: Գրիգորյանը ավելացրել է, որ այդ երկրի ուժը միասնության և համերաշխության արժեքների մեջ է, որոնց նա հավատարիմ է։
Հավելենք, որ 1990 թվականի հունիսի 12-ին ընդունվել է ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը։