Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը խնդրել է ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ցավակցական հեռագիր է հղել երկրում հրդեհի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Աբայ շրջանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և վիրավորներ։ Խնդրում եմ ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,– ասված է ուղերձում։

Հիշեցնենք` Աբայ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել հունիսի 8-ին կայծակի հարվածներից հետո: Հրդեհի հետևանքով «Սեմեյ օրմանի» բնական արգելոցի 14 աշխատակից է մահացել: Հրդեհի մակերեսը գերազանցել է 60 հազար հեկտարը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 300 միավոր տեխնիկա, մոտ 1500 մարդ և 11 ուղղաթիռ։ Ղազախստանում հունիսի 12-ը համազգային սգո օր է հայտարարվել: