Նոր Մոսկվայում հայտնաբերվել է Պետդումայի պատգամավորի դին

Արխիվային լուսանկար
Պատգամավորի կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Նոր Մոսկվայի տարածքում՝ Սոսենսկոյե ավանում հայտնաբերվել է Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգից Պետական դումայի յոթերորդ գումարման պատգամավոր ընտրված Ալեքսանդր Կոլոդիչի դին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ 58-ամյա պատգամավորի մարմինը հայտնաբերվել է առանձնատան նկուղում, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, նրան դանակահարել են։
Ըստ կայքի տեղեկությանն՝ պատգամավորի և նրա օգնականի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ պատգամավորը սպանվել է։ Վիճաբանության ձայներից վրա է հասել հանգուցյալի կինը, որին պատգամավորի օգնականը ևս դանակահարել է։
Կատարվածից հետո օգնականը դիմել է փախուստի։ Նա եղելության մասին պատմել է իր եղբորը, որն էլ իր հերթին զանգահարել է պատգամավորի որդուն։
Կոլոդիչի կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։
36-ամյա տղամարդը բերման է ենթարկվել։ Կատարվում է նախաքննություն։