2022թ.-ին Հայաստանի բնակչության բարեկեցությանը տրված կառավարության գնահատականը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` մեկնաբանելով հունիսի 12-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե 2022թ–ին հանրության ընդհանուր բարեկեցությունը կամ ՀՀ կառավարության կողմից տրվող ծառայությունների ծավալը ավելին է եղել, քան պլանավորված էր բյուջեով։
«Նախ այդ գնահատականը շատ տարակուսելի է, քանի որ այն գնահատում են միջին աշխատավարձի բարձրացմամբ։ Իսկ ցանկացած միջին ցուցանիշ երբեք իրական պատկերը չի արտացոլում, որովհետև կարող է հասարակության մի փոքր մասի աշխատավարձերի էական ավելացում լինի, իսկ մեծամասնության` եկամուտների նվազում։ Բայց զուտ մաթեմատիկական գործողության արդյունքում թվա, թե միջին բարեկեցությունը կամ միջին եկամուտներն աճել են»,– պարզաբանեց Խաչատրյանը։
Փոխարենը ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, որ 2022թ–ին Հայաստանում գրանցվել է բարձր սղաճ, ապրանքների ու հատկապես` պարենամթերքի էական գնաճ, որի պայմաններում պնդել, որ բարեկեցությունն աճել է, ճիշտ չէ։
Ի դեպ, Արթուր Խաչատրյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 12-ի արտահերթ նիստին ներկա պատգամավորներից միակն էր, որ դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած 2022 թ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։
Իր այդ դիրքորոշումը պատգամավորը մեկնաբանում է հիմնականում նրանով, որ կառավարության նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ներկայացված չէ, թե իրականում որքանով է այն պայմանավորված եղել ներքին տնտեսական գործոններով և որքանով` կառավարության գործողություններից անկախ արտաքին գործոններով, մասնավորապես` ռուս-ուկրաինական կոնֆլիկտով։
«Նմանապես ոլորտային ցուցանիշները, արդյունքային ցուցանիշները, ավելի պարզ ասած` կառավարության գործունեությունը մեզ չեն բավարարել։ Եվ, բնականաբար, ակնկալել, որ մենք կողմ կքվեարկենք այդ բյուջեի կատարողականին, միամտություն է»,– ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ հստակեցրեց` «դեմ» քվեարկելու կարծիքն ընդդիմադիր խմբակցությունների միասնական որոշումը չէ, այլ ԱԺ–ի հանձնաժողովներում 2 շաբաթ ընթացող քննարկումների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների ելույթներից ու քննարկումներից իր ստացած տպավորությունը։