ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկեց «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը։
Այս տարի փառատոնն անցկացվելու է հունիսի 12-19-ը։ Այն սկսվեց ռեժիսոր Արմինե Անդայի հայ–իրանական անիմացիոն ֆիլմով, որը կոչվում է «Թռչող տերևների երգը»։ Ֆիլմը ստացել է Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությունը։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ռեժիսորը, իրանական կողմին այնքան է դուր եկել պատմությունը, որ նրանք այն հայկական կողմից ավելի շուտ էին հաստատել։
«Այս պատմությունը մարդկային պատմությունների կարևորության մասին է և թե ինչքան շատ բան կարելի է դրանց միջոցով փոխել»,– ասաց Անդան։
Նրա խոսքով` Նիդեռլանդներում լրագրողներն ընդգծել են, որ ֆիլմում մեկտեղվել են Խորհրդային Միության և Ճապոնիայի անիմացիաների ավանդույթները։ Ռեժիսորը կարծում է, որ այդ զգացողությունը ֆիլմում առկա բարության և լուսավորության շնորհիվ է։
«Գեղարվեստական մասը նկարահանվել է Հայաստանում, բայց հենց անիմացիան իրանական է։ Էսթետիկան միանշանակ հայկական է»,– նշեց նա։
«Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի բացումից առաջ
© Sputnik / Aram Nersesyan
Նա վստահ է, որ ֆիլմը կնպաստի համատեղ կինոարտադրությանը և հայ–իրանական նոր նախագծերի ստեղծմանը։
Նշենք, որ այս տարի փառատոնին մասնակցում է 400 հեղինակ, որոնք 18 երկրից են` Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Իսրայել, Իրան, Իտալիա, Լեհաստան, Կանադա, Հունաստան, Մալազիա, Չիլի, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Ֆրանսիա։ Կցուցադրվի 82 ֆիլմ։ Մրցանակներ են հանձնվելու 4 անվանակարգից` «Մեկ կադր, մեկ րոպե», «Կարճամետրաժ ֆիլմ», «Կինո առանց սահմանների» և «Զրո բյուջե»։
Հիշեցնենք, որ «Մեկ կադր» փառատոնը հիմնվել է և առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին։ Մրցույթի ստեղծման նախաձեռնողը կինոռեժիսոր Գագիկ Ղազարյանն է և Ժամանակակից փորձարարական արվեստի հայկական կենտրոնը։ Առաջին փառատոնին մասնակցել է ընդամենը 13 հեղինակ, իսկ հաջորդ տարիներին մասնակիցների թիվը զգալիորեն աճել է և հասել մի քանի հարյուրի։