ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր որոշման մասին կհայտարարի վաղը` հունիսի 13–ին։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Այսօր մեզ մոտ լռության օր է, որպեսզի ավելորդ ազդակներ չտանք շուկայի մասնակիցներին և հասարակությանը։ Վաղն արդեն մեր որոշումը կլինի։ Շատ կարևոր կրիտիկական կետին ենք հասել. երկու տարի բարձր գնաճ ունենալուց հետո մենք հիմա ունենք մի գնաճ, որը թիրախից ցածր է, որը հիմնականում պայմանավորված է ներմուծվող պարենային ապրանքների գնանկմամբ»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով` հատկապես ծառայություների ոլորտում, որի դեպքում տասնյակ տարիներ գնաճ չի եղել, այժմ հակառակ պատկերն ունենք։
Պատճառը, ըստ Մարտին Գալստյանի, պահանջարկի ավելացումն է։
«Իսկ ինչպես գիտեք` ԿԲ հիմնական նպատակը պահանջարկի կառավարումն է։ Այս պարագայում տեսնում ենք, որ մայիսին 12–ամսյա գնաճը 1.3 տոկոս է կազմել։ Նման ոգևորող ցուցանիշներին զուգահեռ տենսնում ենք, որ տնտեսության մեջ ավելցուկային պահանջարկ կա»,– ավելացրեց նա։
ԿԲ նախագահի համոզմամբ` ստացվում է` մեր տնտեսական աճը, պահանջարկը շարունակում է լինել ավելի բարձր, քան մեր պոտենցիալն է։
Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ` 2023 թվականի վերջին սպասվում է մոտ 2,5% գնաճ։ Տարվա մնացած ժամանակահատվածում գների աճը կարող է փոքր-ինչ ցածր լինել Կենտրոնական բանկի նպատակային նշաձողից:
Գների աճը զսպող հիմնական գործոններն են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումն ու հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ 2024-ի վերջին Հայաստանում կանխատեսվում է 3.3% գնաճ։
Հաշվի առնելով գնաճի կայուն դանդաղումը և սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը` ԵԱԶԲ-ում չէին բացառել, որ Հայաստանի ԿԲ-ի հունիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի կունենա:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ընթացիկ տարվա վերջ կարող է իջնել մինչև 9%: