Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան

ԿԽՄԿ ավտոմեքենաներ
Ադրբեջանական լրատվամիջոցները կադրերը տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 բուժառու և նրանց ուղեկցողները։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
«Հունիսի 10-ին Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։
19 բուժառուներ, որոնք պետպատվերի շրջանակում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը»,– ընդգծում է գերատեսչությունը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։