Իրանն ու Ադրբեջանը բանակցում են Թեհրանում դեսպանատան աշխատանքը վերսկսելու շուրջ. Քանաանի

Նասեր Քանաանի. Արխիվային լուսանկար
Քանաանիի խոսքով՝ բանակցությունների վերջին փուլում համաձայնեցվել է տեխնիկական մասնագետների պատվիրակությունների փոխանակման հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Թեհրանի և Բաքվի բանակցությունները հարաբերությունների լարվածության փուլից անցնում են Իրանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման քննարկման փուլ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև տարբեր ժամանակահատվածներում բանակցությունների չորս փուլ է անցկացվել․․․ Մեր ձեռնարկած դիվանագիտական քայլերի արդյունքում մենք դրական արդյունքի ենք հասել (առաջացած) լարվածության վերահսկողության առումով, և ներկայումս գտնվում ենք բանակցությունների փուլում՝ լարվածության փուլից Թեհրանում Ադրբեջանի դեսպանության գործունեության պաշտոնական վերսկսման փուլին անցնելու շուրջ»,- հայտարարել է Քանաանին:
Քանաանին նշել է, որ բանակցությունների վերջին փուլում համաձայնեցվել է տեխնիկական մասնագետների պատվիրակությունների փոխանակումը, որոնք կարող են բանակցություններ վարել երկու երկրների միջև առաջացած լարվածության հետ կապված հարցերի շուրջ:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ: Թեհրանի ոստիկանական վարչության ղեկավարի խոսքով՝ հարցաքննության ժամանակ ձերբակալված հարձակվողը «իր դրդապատճառները բացատրել է անձնական և ընտանեկան խնդիրներով»։ Իրանի մայրաքաղաքի ոստիկանական վարչության ղեկավար Հոսեյն Ռահիմին նշել է, որ հարցաքննության ընթացքում տղամարդն ասել է, որ ինքը փորձում էր ազատ արձակել իր կնոջը, որը, նրա կարծիքով, երկար ժամանակ գտնվում էր դեսպանատան չորրորդ հարկում:
Իրանին ուզում են ներքաշել մեծ պատերազմի մեջ. Բաքուն ջանասիրաբար կատարում է ռեժիսորի դերը
Բաքվի և Թեհրանի հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել՝ ինքնաթիռը մի քանի անգամ խախտել էր Ադրբեջանի օդային տարածքը ընդհանուր սահմանին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները նոտաներ էին փոխանակել՝ միմյանց մեղադրելով ագրեսիվ հռետորաբանության մեջ։