Ինչո՞ւ են հավաքների հրավիրվում 44-օրյայի մասնակիցները. Աբրահամյանը մտահոգություն ունի

Տիգրան Աբրահամյանի համոզմամբ` առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, որոնք 7-8 ու ավելի տարի առաջ են ծառայել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք: Իր ֆեյսբուքյան էջում նման մտահոգություն է հայտնել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա: Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքների առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավել տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա»,- կարծում է նա:
Ըստ Աբրահամյանի` բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները:
Բացի այդ, նրա համոզմամբ, եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը վարժական հավաքի ծանուցագիր է տալիս պատերազմի մասնակցին, ապա դա խոսում է այն մասին, որ կառավարության խնդիրը ոչ թե կոնկրետ օրենքով սահմանված առաջնահերթություններն են, այլ թիվ, պլան կատարելը:
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ կներգրավեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: