ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Զարգացման հարցերով G20–ի երկրների նախարարական հանդիպման բացման ժամանակ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ G20–ի երկրները պետք է ավելացնեն կայուն զարգացման նպատակներին ուղղված ներդրումները։
Այն 17 փոխկապակցված նպատակներից բաղկացած ծրագիր է, որը մշակել է ՄԱԿ–ի ԽՎ–ն 2015 թվականին որպես «լավագույնին և բոլորի համար ավելի կայուն ապագային հասնելու ծրագիր»։
«Մենք պետք է հոգ տանենք, որպեսզի ոչ ոք անմասն չմնա։ Այս խմբի համար շատ կարևոր է աշխարհին հասցնելու այն ազդակը, որ մենք գործողությունների ծրագիր ունենք այդ նպատակին հասնելու համար։ Մեր ջանքերը պետք է լինեն համապարփակ, ներառական, արդար և կայուն։ Մենք պետք է ավելացնենք ներդրումները կայուն զարգացման նպատակներին հասնելու համար և լուծումներ գտնենք վերացնելու համար պարտքային ռիսկերը, որոնց բախվում են բազմաթիվ երկրներ։ Բազմակողմ ֆինանսական հաստատությունները պետք է բարեկարգել, որպեսզի ընդլայնենք ընտրության չափանիշները` ապահովելով կարիքավորների համար ֆինանսական հասանելիությունը», – հայտարարել է Մոդին։
Նա G20–ի երկրների նախարարներին հորդորել է ուսումնասիրել Հնդկաստանի փորձը, որտեղ ավելի քան 100 թույլ զարգացած շրջաններ աճի կատալիզատորի են վերածվել, և ընդգծել է տեխնոլոգիաների թվայնացման և ժողովրդավարացման անհրաժեշտությունը։
«Հնդկաստանում թվայնացումը հեղափոխական փոփոխությունների է հանգեցրել։ Տեխնոլոգիաներն օգտագործվում են որպես մարդկանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, տվյալների հասանելիության ապահովման և ներառականության գործիք։ Հնդկաստանը պատրաստ է կիսվել իր փորձով գործընկեր երկրների հետ», – հավելել է վարչապետը։
Նա նաև հորդորել է նախարարներին կլիմայի փոփոխման դեմ պայքարի ոլորտում մշակել «կյանքի սկզբունքներ», գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված գործողությունների պլան ընդունել։
Նախագահությունը G20–ում Հնդկաստանն ընդունեց նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից։ Նախագահության շրջանում Նյու Դելին ավելի քան 200 հանդիպում կանցկացնի, սակայն արտգործնախարարների հանդիպումը կլինի ամենակարևոր իրադարձություններից մեկը` սեպտեմբերի 9-10 Հնդկաստանի մայրաքաղաքում կայանալիք G20–ի առաջնորդների եզրափակիչ գագաթնաժողովի նախաշեմին։
Դրանից հետո նախագահությունը կփոխանցվի Բրազիլիային։