Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի «Երևան» կայարանից

Նախատեսվում է միայն ամառային սեզոնին փոխադրել ավելի քան 170 հազար ուղևոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը, ի տարբերություն նախորդ տարիների, կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք), այլ «Երևան» կայարանից։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թեև այս դեպքում երթուղին կերկարաձգվի 36 կմ-ով, սակայն ճանապարհորդության ժամանակը կմնա անփոփոխ՝ Երևանից մինչև Շորժա` 3 ժամ։
«Սա ավելի հարմարավետ կլինի ուղևորների համար, որոնք կօգտվեն մայրաքաղաքի կայարանի զարգացած ենթակառուցվածքից, իսկ գնացքի ավելացված արագությունը թույլ կտա նույն ժամանակահատվածում հաղթահարել մինչև Սևանա լիճ ընկած հեռավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երթուղին կսկսի աշխատել հունիսի 16-ից։
Բացի այդ, որպես 2023 թվականի ամառային սեզոնի նոր ծառայություններ՝ «Երևան» կայարանում կմատուցվեն տարբեր չափերի ուղեբեռի պահման ծառայություններ։
Սեզոնի սկզբին նախատեսվում է գործարկել տեղական էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված ծրագրի թարմացված տարբերակը։
Երևան-Բաթում-Երևան երթուղով գնացքը կգործի հունիսի 14-ից
Փորձնական մեկնարկը նախատեսվում է հունիսին։ Նորացված ծրագիրը թույլ կտա տոմսերի վաճառքը կազմակերպել ինտերնետով ՝ բջջային հավելվածի և երկաթուղային կայարաններում ինքնասպասարկման տերմինալների միջոցով:
Գնացքներում աշխատակիցները կկատարեն վերահսկիչ գործառույթներ՝ ստուգելով գնված տոմսերը հատուկ սարքի միջոցով: Տոմսարկղից տոմս գնելը չի չեղարկվում։ Բոլոր տոմսարկղերն ունեն POS-տերմինալներ անկանխիկ վճարման համար:
Նշվում է, որ նախատեսվում է միայն ամառային սեզոնին փոխադրել ավելի քան 170 հազար ուղևոր:
Հայաստանը կշահի, եթե բացվեն բոլոր երկաթուղիները, ոչ թե միայն Մեղրիի հանգույցը. ՀԿԵ վետերան