Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազություն
Ըստ դատախազության` Արմեն Սանթրոսյանը պետական սեփականություն հանդիսացող հողը աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարել է մեկ այլ պաշտոնյայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnk. Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա․Ս․-ն, 2005 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, կազմակերպել է քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, անտառային նպատակային նշանակության 0.1063 հա մակերեսով հողամասի օտարումը՝ այդ ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խ․Ա․-ին՝ աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով։
Պարզվել է նաև, որ Նա Դիլիջան քաղաքի Անդրանիկի 2-րդ նրբանցք 35 հասցեի հողամասի գրանցված սեփականատեր, Դիլիջան քաղաքի բնակիչ Վ․Ս․-ի հետ ունենալով ընկերական հարաբերություններ, տեղեկացված լինելով Վ․Ս․-ի կողմից վերոնշյալ հասցեում գտնվող, 0.3354 հա մակերեսով հողամասում առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել հողամասում ինքնակամ շինարարության կասեցումը։
Ավելին` 2010 թվականի նոյեմբերի 5-ին իր ստորագրությամբ և համայնքի կնիքով հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններով պաշտոնեական փաստաթուղթ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված:
Այնուհետև Ա․Ս․-ն Վ.Ս․-ի հետ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով անշարժ գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը:
Ա.Ս–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ)։
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հին Թաղերում զինվորները զոհվել և գերի են ընկել ԶՈւ պաշտոնյաների անփութության պատճառով