Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

Լիլիթ Գրիգորյան
Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել նոր տեղակալի վերաբերյալ, նա էլ վստահեցրել է, որ պատրաստ է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել իր աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստից հետո նոր տեղակալ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նիստի ժամանակ Վարդապետյանը ներկայացրել է Լիլիթ Գրիգորյանի թեկնածությունը, որը Երևան քաղաքի դատախազն է։ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները, համակարգում անցած ճանապարհը։
«Նշանակումները կատարում եմ երկար տարիներ դատախազությունում ծառայած, փորձ ունեցող այն աշխատակիցներից, որոնք, անկախ անձերից, ժամանակներից և իրավիճակներից, հավատարիմ են եղել իրենց մասնագիտությանը, իրենց առաքելությանն ու մեր հայրենիքին»,– ասել է Վարդապետյանը` անդրադառնալով դատախազությունում բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանությանը։
Կոլեգիայի անդամներն էլ դրական կարծիք են հայտնել Լիլիթ Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ։
Նա էլ շեշտել է, որ պատրաստ է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել իր աշխատանքը:
Նշենք, որ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալը 50 տարեկան է, սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Դատախազությունում աշխատում է 1996 թվականից։ 2022 թվականի նոյեմբերի 18-ին նշանակվել է Երևան քաղաքի դատախազ և մինչ օրս աշխատում էր այդ պաշտոնում։
Լիլիթ Գրիգորյանն արդարադատության առաջին դասի խորհրդական է։