ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
6 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 562 բուժառու, որից 492-ը տեղափոխվել է ԿԽՄԿ-ի, իսկ 70-ը՝ խաղաղապահների ուղեկցությամբ:
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։