ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ուկրաինական ռեժիմի ղեկավարները թույլ չեն տալիս նրանց, որ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսեն, ՌԴ–ն էլ տեսնում է, որ Կիևը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ պատրաստակամ է երկխոսության։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հարցազրույցի տեսանյութը հրապարակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին»–ի հաղորդավար Պավել Զարուբինի «Տելեգրամ» ալիքում։
«Մենք տեսնում ենք, որ առաջին հերթին ռեժիմը ցանկություն չունի, երկրորդը` պատրաստ չէ, երրորդն էլ` ղեկավարների կողմից արգելք կա։ Կարելի է այսպես ասել` առանց դիվանագիտական ակնարկների»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Կիևի և Մոսկվայի բանակցությունների համար որևէ պայմանավորվածություն կամ նախապայման չկա։
«Բացի այդ, հիմա անգամ չնչին հիմք չկա, որպեսզի ինչ-որ երկխոսություն ձևավորվի»,– նշել է Պեսկովը։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանին պետք չէ դրդել Ուկրաինայի հարցով բանակցությունների, քանի որ Մոսկվան դրանք երբեք չի արգելափակել։ Նրա խոսքով` այսօր Կիևի ռեժիմի կողմից ընդհատված բանակցային գործընթացի վերսկսումը կախված է բացառապես ուկրաինական իշխանությունների և նրանց արևմտյան համակարգողների պատրաստակամությունից՝ առաջին հերթին լուրջ քննարկում ծավալելու աշխարհաքաղաքական նոր իրողությունների շուրջ։ Այդ ամենի հետ մեկտեղ, Մոսկվան առայժմ նման պատրաստակամություն չի տեսնում։