ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի ընդգրկման հարցը կորոշվի կոնֆլիկտի ավարտից հետո. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին. Արխիվային լուսանկար
Անտոնիո Տայանին մեկնաբանել է Հռոմից Կիևին տրամադրվող օգնությանը վերաբերող հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի ընդգրկման հարցը կորոշվի ռազմական կոնֆլիկտի ավարտից հետո։ Այս մասին la Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
«Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կորոշենք Ուկրաինայի` այդ կառույցին միանալու ճանապարհը։ Սա կարևոր քայլ է, քանի որ Կիևը կարող է ներգրավվել միջազգային որոշումներում»,– ընդգծել է նախարարը։
Անդրադառնալով Ուկրաինային տրամադրվող իտալական օգնության հարցին` Տայանին ասել է, որ Հռոմն անում է այն, ինչ անհրաժեշտ է։
«Մենք F-16 չենք ուղարկում միայն նրա համար, որովհետև չունենք, նույն պատճառով էլ մենք չենք կարող ամառային վերապատրաստումներն անցկացնել այդ ինքնաթիռներով։ Մեր փաթեթում ներառված են ռազմամթերք, համազգեստ, զրահաբաճկոն և զինամթերք»,– ասել է նա։
Իտալիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հռոմն աջակցում է, որպեսզի Ուկրաինան մուտք գործի ԵՄ։