ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին նախարարությունը գրել է Twitter-ի պաշտոնական էջում։
«Այսօր լրանում է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը և խաղաղություն ու բարգավաճում ենք մաղթում մեր երկրներին»,– ասված է ուղերձում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունիսի 11-ին:
ՀՀ դեսպանությունը Մինսկում բացվել է 1993 թվականին: 2021թ-ի սեպտեմբերի 13-ից Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Ռազմիկ Խումարյանը:
ԲՀ դեսպանությունը Երևանում բացվել է 2001 թվականին: 2020թ-ի դեկտեմբերից Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանն է Ալեքսանդր Կոնյուկը: