ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. S&P միջազգային վարկանշային գործակալությունը Ադրբեջանի ազգային արժույթովև արտարժութով վարկային վարկանիշները հաստատել է BB+ և B մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ:
Ադրբեջանի տնտեսությանը, որը 50 տոկոսով կախված է նավթագազային ոլորտից, կաջակցեն նավթի բարենպաստ գները։ Այնուամենայնիվ, երկրի հիմնական նավթահանքերը սպառվում են, ուստի դրանց արդյունահանումը նվազում է: Այս նվազումը հազիվ թե ամբողջությամբ փոխհատուցվի գազի արտահանմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Այդ ռիսկերը մասամբ կարող են չեզոքացվել Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամին կից բարեկեցության հիմնադրամի պաշարների հաշվին։
Գործակալության վերլուծաբանները վարկանիշի համար դրական գործոնների շարքին են դասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը, իսկ բացասականների շարքին՝ նավթի արդյունահանման սպասվածից ավելի նվազումը, ինչպես նաև նավթի գների բացասական տատանումները:
Վարկանիշը կարող է իջնել նաև այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը վերսկսվի, նշում է գործակալությունը: