ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի– Sputnik, Խաչիկ Չախոյան. «Ռոլան Գարոսի» կանանց մենախաղերի եզրափակիչում լեհ Իգա Սվյոնտեկը երեք սեթերում 6։2, 5։7, 6։4 հաշվով դժվարին հաղթանակ տարավ չեխ Կարոլինա Մուխովայի նկատմամբ ու դարձավ «Ռոլան Գարոսի» չեմպիոն։
Աշխարհի թիվ 1 ռակետ Իգա Սվյոնտեկը շատ վստահ խաղով էր հասել եզրափակիչ` մինչև մրցումների ամենակարևոր խաղը ոչ մի շանս չտալով մրցակիցներին։ Որոշ մասնագետներ նույնիսկ նշում էին, որ Իգան իր ուժերի ամբողջ ներուժով չի խաղում և անկասկած ուժեղ է բոլորից։
Բայց եզրափակիչում չեխ Կարոլինա Մուխովան, որը մինչև մրցաշարը դասակարգման ցուցակում 41-րդն էր, ապացուցեց, որ ժամանակից շուտ հաղթողին որոշելը սխալ մոտեցում է։
Երբ եզրափակիչի առաջին սեթում Սվյոնտեկը հաղթեց 6։2 հաշվով (կարելի է ասել` մեծ առավելությամբ), բոլորը մտածեցին, որ հաղթողի հարցը լուծված է։
Ի վերջո, Սվյոնտեկը հասավ իր նպատակին, բայց ինչպե՞ս։ Դա հարկավոր է նշել։
Կարոլինա Մուխովան երկրորդ սեթում պայքար տրամադրեց իր ավելի հանրահայտ մրցակցին ու հաղթեց 7։5 հաշվով, իսկ երրորդ և վճռորոշ սեթում եղավ մի պահ, որ կարծես թե Սվյոնտեկը հայտնվեց պարտվողի դերում։
Բայց փորձն ու եզրափակիչներում արդեն ձևավորված հոգեբանությունը օգնության եկան Իգային, և երրորդ սեթում լեհ թենիսիստուհին ծանրագույն պայքարում հաղթանակի հասավ 6։4 հաշվով, ու երրորդ անգամ իր կարիերայում դարձավ «Ռոլան Գարոսի» չեմպիոն։
Ֆրանսիայի բաց առաջնությունում վաղն ամենակարևոր խաղն է կայանալու։ Տղամարդկանց եզրափակիչը, իհարկե, ավելի մեծ հետաքրքրությամբ է սպասվում։
«Մեծ սաղավարտի» մրցումների 22-ակի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչը հաղթողի կոչումը վիճարկելու է նորվեգացի Կասպեր Ռուդի հետ։